ՄԵՐ ԴՊՐՈՑԸ

DSC02806

Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1961թ.՝ մեկ  քարաշեն մասնաշենքով: 1970թ. դարձել է միջնակարգ, և կառուցվել է երկրորդ մասնաշենքը: 1971թ. դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Պ. Սևակի անունով:

Դպրոցը հնգօրյա է, միահերթ աշխատանքային ռեժիմով: Ուսուցանվում է երկու օտար լեզու` ռուսերեն և անգլերեն: Գործում են անվճար՝ անգլերենի, ինֆորմատիկայի, երկարօրյա խումբ` դասապատրաստմամբ, վճարովի՝ պարի, կարատեի խմբակներ:

Դպրոցն ունի գրադարան՝ ընթերցասրահով, բուֆետ, բուժկետ, երաժշտության դասասենյակ, կահավորված և ձևավորված միջանցքներ, հանդիսությունների դահլիճ, երկու մարզադահլիճ, որոնք ապահովված են մարզագույքով: Գործում են համակարգչային երկու դասասենյակներ` 20 համակարգիչներով, որոնցում անցկացվում են համակարգչային դասեր` տարբեր առարկաներից: Առաջին դասարան ընդունվողների համար մարտից մինչև օգոստոս ամիսը անցկացվում է նախապատրաստական «Ողջո˜ւյն, դպրո´ց» ծրագիրը:

Դպրոցի տարեգրությունը էջ առ էջ հյուսվել է տնօրեններ Զավեն Մուսայելյանի, Մխիթար Մխիթարյանի, Սոնյա Չախալյանի, Ռուբեն Սանոյանի, Լարիսա Բագդյանի կողմից:
2016 թվականի մարտից հարազատ կրթօջախի տնօրենությունը ստանձնել է  Վարդիթեր Թելունցը, որի ջանքերով կրթօջախն ապրում է ակտիվ կյանքով: Դպրոցն իր մասնակցությունն է ունենում համապետական, համաքաղաքային միջոցառումներին: Կազմակերպվում են համադպրոցական հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ:

Սևակյան կրթօջախում աշխատում են  բանիմաց, հմուտ մանկավարժներ: Մի շարք ուսուցիչներ ունեն առաջին և երկրորդ աստիճանի տարակարգ:

Մեծ  ուշադրություն է դարձվում կրթության որակին: Առարկայական օլիմպիադաները դարձել են դպրոցի ուսումնական գործընթացի անբաժանելի մասը: Բազմաթիվ աշակերտներ հաղթել են համայնքային, քաղաքային, հանրապետական փուլերում:

Դպրոցն ունեցել է արժանավոր շրջանավարտներ՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյան, ազատամարտիկ  Հրանտ Թումասյան, արվեստագետներ Հովհաննես Մալխասյան, Սուրեն Մալխասյան, երաժիշտներ   Ռուզաննա Ավետիքյան, Աղասի Իսպիրյան:

2016 թվականի ապրիլին Պ. Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցը դարձել է  ՄԱԿ-ի բարեկամ և մասնակցում է նրա ծրագրերին: